Եթե թուրքական զորքերը ներխուժեն Իրաք, Թուրքիան կմասնատվի: Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին:
«Թուրքիայի ցանկացած ներխուժումն Իրաք կհանգեցնի բուն Թուրքիայի փլուզմանը»,-ասել է Ալ Աբադին, որին մեջբերում է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
Նա ընդգծել է, որ Իրաքը «Թուրքիայի հետ պատերազմ չի ցանկանում», սակայն եթե Անկարան դա ուզում է, ապա «Բաղդադը պատրաստ է»:
Իրաքի վարչապետի հայտարարությունը հնչել է ԶԼՄ-ներում հայտնված այն հաղորդագրությունների ֆոնին, որ Անկարան մեծաքանակ զրահատեխնիկա և տանկեր է տեղափոխել Իրաքի սահմանի մոտ: Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատեց այդ տվյալները: Բացի այդ, ըստ Թուրքիայի ՊՆ ղեկավար Ֆիքրի Իշիկի, անհրաժեշտության դեպքում Անկարան «կարող է հզորացնել իր ռազմական ներկայությունն Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիկա ռազմական ճամբարում»:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան կշարունակի դիվանագիտական ջանքերն, ուղղված լարվածության թուլացմանն Իրաքի հետ հարաբերություններում, որն առաջացել է Բաշիկայում թուրք զինվորականների ներկայության պատճառով:
Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին հայտարարել էր.«Մեր հետաքրքրությունների ոլորտում են Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան և այլ եղբայրական շրջաններ։ Երբ Թուրքիան կկորցնի իր անկախությունը և կկորցնի իր ապագան, այդժամ մենք կկորցնենք հետաքրքրությունն այդ տարածքների նկատմամբ։ Շատ պատմաբաններ համարում են, որ Թուրքիայի սահմանների մեջ պետք է մտնեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Կիրկուկը, Բաթումին, Սալոնիկը, Վարնան, Արևմտյան Թրակիան և Էգեյան ծովի կղզիները»:






