AM
2 Նոյեմբեր 2016 - 06:50 AMT

ՄԱԿ-ը մեղադրել է ընդդիմությանը Հալեպում տասնյակ խաղաղ բնակիչների սպանության մեջ

ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեղադրել է Սիրիայի զինյալ ընդդիմությանը Հալեպում միջազգային հումանիտար նորմերի խախտման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության տվյալների, հոկտեմբերի 29-ին և 30-ին Հալեպի արևմտյան շրջաններում, որոնք վերահսկում են կառավարական զորքերը, զինյալ ընդդիմության կողմից ինտենսիվ գնդակոծությունների հետևանքով ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում 10 երեխա: Տասնյակ մարդիկ վիրավորվել են:

«Բազմաթիվ զոհերը խաղաղ բնակչության շրջանում վկայում են, որ զինյալ ընդդիմությունը չի կատարում միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար արգելքն` անկանոն գրոհների ու զգուշավորության և համաչափության սկզբունքների մասով»,-ասել է Դյուժարիկը:

Ավելի վաղ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հայտարարել էր, որ «ցնցված է այն հանգամանքից», որ ապստամբները Հալեպում որպես թիրախ ընտրում են քաղաքի քաղաքացիական բնակչությունը:

Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում:

Ըստ սիրիական բանակի տվյալների, հոկտեմբերի 29-ին և 30-ին Հալեպում գնդակոծությունների հետևանքով 84 մարդ է զոհվել, ևս 280-ը` վիրավորվել