AM
2 Նոյեմբեր 2016 - 08:25 AMT

Մոսուլում ԻՊ մոտ 100 ահաբեկիչ է սպանվել

Իրաքի կառավարական ուժերը Մոսուլին հասցված ավիահարվածների արդյունքում ահաբեկչական «Իսլամական պետության» մոտ 100 գրոհային են սպանել, գրում է «Կոմերսանտը» Al Jazeera-ի վրա հղումով:

Նշվում է, որ իրաքյան F-16 կործանիչները հարվածներ են հասցրել գրոհայինների 5 դիրքի, այդ թվում քաղաքի կենտրոնում գտնվող ԻՊ կենտրոնակայաններից մեկին:

Կառավարական զորքերը Մոսուլին մերձակա 11 բնակավայր են ազատագրել ԻՊ գրոհայիններից, ինչպես նաև ամբողջական վերահսկողություն են հաստատել Կոկջալի արևելյան շրջանում:

Նոյեմբերի 1-ին Քրդստանի ժողովրդավարական կուսակցության Մոսուլի բաժանմունքի ղեկավար Իսմաթ Ռաջաբն ասել էր, որ վերջին օրերին ընդհանուր առմամբ ԻՊ ավելի քան 480 գրոհային է ոչնչացվել, որից 300-ը վերջերս էր անդամագրվել կազմակերպությանը:

Մոսուլի ազատագրման գործողությունն այնքան էլ հարթ չի ընթանում: Անկարայի և Բաղդադի տարաձայնությունները կարող են խափանել ԱՄՆ նախագահ Օբամայի գլխավոր ռազմական գործողությունը Մերձավոր Արևելքում:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ եթե թուրքական զորքերը ներխուժեն Իրաք, Թուրքիան կմասնատվի: Նա ընդգծել է, որ Իրաքը «Թուրքիայի հետ պատերազմ չի ցանկանում», սակայն եթե Անկարան դա ուզում է, ապա «Բաղդադը պատրաստ է»:Իրաքի վարչապետի հայտարարությունը հնչել է ԶԼՄ-ներում հայտնված այն հաղորդագրությունների ֆոնին, որ Անկարան մեծաքանակ զրահատեխնիկա և տանկեր է տեղափոխել Իրաքի սահմանի մոտ: Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատեց այդ տվյալները:

Քաղաքի գրոհը սկսվել է հոկտեմբերի 31-ին:

Ընթերցեք նաև. Իրաքի վարչապետ. Անկարայի ներխուժման դեպքում Թուրքիան կարող է մասնատվել