Ռուսաստանցիները պետք է պատրաստ լինեն տնտեսական անկման կամ լճացման, որը ևս 10-15 տարի կտևի: Այդ մասին հայտարարել է «Բացահայտում» բրոքերային տան գլխավոր տնօրենի մակրոտնտեսական գծով խորհրդական Սերգեյ Խեստանովը, հայտնում է Lenta.ru-ն:
«Հաշվի առնելով, որ տնտեսության կառուցվածքը բավականին դանդաղ է փոխվում` դա միանգամայն իրատեսական սցենար է: Հասարակ քաղաքացիների համար դա գների զգալի աճ է, ցածր աշխատավարձեր և զգալի գործազրկություն: Բավականին սուղ ժամանակներ են սպասվում»,-ասել է նա:
Ըստ փորձագետի, զուտ տեսականորեն աճը չի բացառվում, սակայն «երկնիշ աճի մասին տևական ժամանակով պետք է մոռանալ»:
«Գլխավորն այդ պայմաններում այն է, որ ֆինանսների նախարարությունն ու ԿԲ-ն հստակ գործեն, այդ դեպքում գնաճը կմնա 6-8 տոկոսի սահմանում, ինչը ևս քիչ չէ: Հարկ է նշել, որ գնաճն ունի կումուլյատիվ էֆեկտ, այսինքն 6%-ը չորս տարի շարունակ դա ամենևին էլ 24% չէ, այլ ավելի շատ»,-ասել է նա:
Հոկտեմբերի 28-ին ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը սոցիալ-տնտեսական կանխատեսում է հրապարակել, որտեղ ասվում է, որ 2017-2019թթ. տնտեսական քաղաքականության առաջնայնությունները կլինեն ներկրման փոխարինումը և կյանքի որակը ռուսաստանցիների համար: Փաստաթղթում ասվում է, որ 2016-ի վերջում երկրի տնտեսությունը լճացումից կանցնի վերականգնման:






