Եվրախորհրդարանի (ԵԽ) փոխնախագահ Գրաֆ Լամբսդորֆն անդրադարձել է Թուրքիայի համար Եվրոպայի մուտքի վիզաների ազատականացման խնդրին:
Լամբսդորֆը քննադատել է Թուրքիայում մահապատժի վերականգնման ծրագիրը, մամուլի և ընդդիմության դեմ կիրառվող ճնշումներն ու բռնությունները:
«Նման պայմաններում վիզաների ազատականացումը չի կարող իրականացվել 2017թ-ին: Ու դա կլինի բացառապես նախագահ Ռեջեփ Էրդողանի մեղքով», – նկատել է տվել նա, թուրքական ընդդիմադիր Haber.sol.org-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
ԵԽ փոխնախագահը նաև հայտնել է, որ Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի մինչև 2018թ.:
Հոկտեմբերի 31-ին Եվրոպայի խորհրդի մամուլի քարտուղար Դանիել Հոլթգենն իր Twitter միկրոբլոգում հիշեցրել է Թուրքիայում մահապատժի ընդունման և կազմակերպությանն անդամակցելու անհամատեղելիության մասին:
Դրանից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը կքննարկի մոտ ժամանակներս մահապատիժը վերականգնելու հարցը:






