Թուրքիայում քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամ խորհրդարանի պատգամավորների ձերբակալությունից հետո ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ԱԳՆ է կանչել Գերմանիայում Թուրքիայի գործերի հավատարմատարին:
«Գիշերը տեղի ունեցած քրդամետ պատգամավորների ձերբակալությունը, նախարարի կարծիքով, վկայում է Թուրքիայում վիճակի կտրուկ վատթարացման մասին»,-ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն:
«Ոչ ոք չի վիճարկում ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարելու և հեղաշրջման փորձի հետևանքների վերացման բոլոր իրավական մեթոդները կիրառելու Թուրքիայի իրավունքը: Սակայն, դա չպետք է արդարացում լինի քաղաքական ընդդիմության բերանը փակելու և նույնիսկ բանտ նետելու համար»,-ասվում է փաստաթղթում:
Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Գերմանիան, «հաշվի առնելով խորը պատմական հարաբերությունները Թուրքիայի հետ», չի կարող լռել` Թուրքիայի կառավարությունն անհապաղ պետք է իրազեկվի Գերմանիայի պաշտոնական դիրքորոշման մասին:
Նոյեմբերի լույս 4 գիշերը Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում: Պատգամավորները ձերբակալվել են այն պատճառաբանությամբ, որ չեն ներկայացել դատարան ցուցմունքներ տալու համար:
Ընթերցեք նաև. Թուրքիայում ձերբակալված քրդամետ պատգամավորներից մեկն ազատ է արձակվել






