Վրաստանի պաշտպանության նախարարությունը կվերսկսի պարտադիր զորակոչը բանակ նոր ձևաչափով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՊՆ ղեկավար Լեվան Իզորիան, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Ըստ նրա, «զինակոչիկները լիարժեք նախնական պատրաստություն կստանան և կձևավորվեն որպես լիարժեք զինծառայողներ», նրանց աշխատավարձը կհասնի 50 լարիի, ինչպես նաև նրանք կունենան հանգստյան օրեր:
«Նորացված պարտադիր ծառայությունը կապահովի ծախսերի տնտեսում, կզորակցի պրոֆեսիոնալ բաղադրիչին և կնպաստի մեծաթիվ անձնակազմի պատրաստմանը ինչպես ռեզերվի, այնպես էլ պայմանագրային զինծառայության համար»,-ասել է Իզորիան:
Պարտադիր զորակոչը Վրաստանում դադարեցվել է 2016-ի հունիսին նախկին նախարար Թինաթին Խիդաշելիի հրամանով, որը ստորագրել էր փաստաթուղթը` շրջանցելով խորհրդարանը: Նա ասել էր, թե այդպիսով վրացական բանակը կկարողանա ամբողջությամբ անցնել պայմանագրային ծառայության:
Հոկտեմբերին Վրաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեծամասնություն է ստացել Վրաստանի «Վրացական երազանք» կուսակցությունը` ստանալով 115 տեղ 150-ից:






