AM
9 Նոյեմբեր 2016 - 06:29 AMT

Թրամփը հաղթում է ԱՄՆ նախագահի ընտրություններում

ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել նախագահի ընտրություններ: Քվեների հաշվարկը շարունակվում է, սակայն հանրապետական Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ դառնալու շանսերը շատ ավելին են, քան կանխատեսվում էր: Հանրապետական թեկնածուն հաղթել է Ֆլորիդայի և Օհայոյի առանցքային նահանգներում, հայտնում է Medusa-ն:

Ըստ CNN-ի, ընտրիչների քվեների հաշվարկով հաշիվը 238 է 215-ի դիմաց հօգուտ Դոնալդ Թրամփի: New York Times-ը կանխատեսում է նրա հաղթանակը 95% հավանականությամբ: Այնուամենայնիվ, Քլինթոնը դեռ պահպանում է հաղթելու փոքր շանսերը:

Թեկնածուները դեռևս լռում են: Քլինթոնը մի քանի ժամ առաջ գրառում էր կատարել թվիթերում. «Մեր թիմը հպարտանալու շատ բան ունի, ինչ էլ տեղի ունենա այսօր, շնորհակալություն բոլորին»:

Միացյալ Նահանգների քաղաքական վերլուծաբանների կարծիքով ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքները որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա: Նախկին դեսպան, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով, Հիլարի Քլինթոնը նախագահ դառնալու դեպքում կարող է նոր շունչ հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին:

Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա Հարավային Կովկասի շուրջ նրա մոտեցումները վերլուծաբանին անհայտ են: