AM
9 Նոյեմբեր 2016 - 07:10 AMT

Եթե Ռաքքայի բնակիչները կողմ լինեն, քրդերը կմնան քաղաքում ազատագրումից հետո

«Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) ԻՊ գրոհայիններից Ռաքքայի ազատագրումից հետո կարող են ներառել քաղաքը դաշնային շրջանի մեջ, եթե բնակիչները կողմ լինեն դրան: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում քրդերի սիրիական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին, որի ջոկատները կռվում են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմում:

«Սիրիայի ժողովրդավարական ուժերը», որոնք հիմնականում քրդական ջոկատներից են բաղկացած, նոյեմբերի 6-ին հայտարարեցին ԻՊ գրոհայիններից Ռաքքայի ազատագրման մասին` ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ: Թուրքիան արդեն մտահոգություն է հայտնել, որ քրդերը կարող են իրենց վերահսկողությունը հաստատել քաղաքում:

«Այդ հարցը կորոշեն Ռաքքայի բնակիչները: Եթե մարդիկ արտահայտվին «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ներկայության օգտին, ապա դրանք կմնան քաղաքում: Մարտական ջոկատների մեծ մասն ամեն դեպքում դուրս կբերվի քաղաքից, կմնան միայն կարգ ու կանոնի պահպանման համար նախատեսված ջոկատները: Ինչ վերաբերում է կառավարող մարմնին, ապա դա կարող է լինել ռազմական խորհուրդը, օրինակ, Մանբիջի օրինակով: Նույն մոտեցումը կա նաև դաշնային շրջանի կազմում Ռաքքայի ընդգրկման հարցում` եթե բնակիչները կողմ լինեն, դա տեղի կունենա»,-ասել է Աբդ Սալամ Ալին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի մարտին Ռումեյլա քաղաքում հռչակվեց «Ռոժավայի և հյուսիսային Սիրիայի ժողովրդավարական համակարգը»: Դրա համար Ռումեյլայում մոտ 200 պատվիրակ է հավաքվել Սիրիայի հյուսիսից` նրանք ներկայացնում էին սիրիական Քրդստանը, ինչպես նաև Հալեպի, Ալ Շանբեի և այլ շրջանների ազգային համայնքները: Ենթադրվում է, որ դաշնությունը կմիավորի պառակտված համայնքները, ինչպես նաև աշխարահազորը`հակազդելու համար գրոհայիններին:

Դամասկոսն անօրինական է համարում քրդերի դաշնային շրջանի ստղեծումը երկրի հյուսիսում: