Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայից 850 նոր հայց է ներկայացվել:
ՄԻԵԴ-ի խոսնակը նշել է, որ հատկապես հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից և արտակարգ դրության հայտարարումից հետո այդ հայցերի թիվը կտրուկ ավելացել է, Deutsche Welle թուրքական ծառայությանը հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Մինչ հուլիսի 15-ը ՄԻԵԴ-ում ընթացքի մեջ էր Թուրքիայի վերաբերյալ 7.750 դատական գործ:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Թուրքիայից ստացվող հայցերի թվի աճի կապակցությամբ:
«Բոլոր թուրքերն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ևս իրավունք ունեն դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան», – հիշեցրել է Յագլանդը:
Նա նշել է, որ Եվրախորհուրդը Թուրքիայի հետ քննարկում է, թե ինչպես կարելի է լուծել բոլոր այս խնդիրները:
Յագլանդը կոչ է արել թուրքական կառույցներին՝ հավատարիմ մնալ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, քանի որ հակառակ դեպքում ՄԻԵԴ-ում Թուրքիայի դեմ հայցերի թիվը կշարունակի աճել:
Հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում սկսեցին անտեսվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները: Հուլիսի 5-ից հետո կրթության, լրատվության, ռազմական, անվտանգության, իրավունքի բնագավառի տասնյակ հազարավոր աշխատակիցներ հեռացվեցին աշխատանքից, մոտ 35.000 մարդ ազատազրկվեց:






