AM
10 Նոյեմբեր 2016 - 09:14 AMT

Թրամփի ծրագրերը. Պատի կառուցում Մեքսիկայի հետ սահմանին և ֆինանսական բարեփոխումների կասեցում

Դոնալդ Թրամփի ձևավորվող վարչակազմը գործարկել է greatagain.gov կայքը` նվիրված անցումային շրջանի և ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջին ամիսների ծրագրերին:

Նորընտիր նախագահի թիմը մտադիր է կասեցնել ֆինանսական բարեփոխումները 6 տարի առաջ ընդունված Դոդդ-Ֆրենկի օրենքի շրջանակում, պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին և այլ միջոցներ ձեռնարկել ներգաղթի վերահսկման համար, չեղարկել Օբամայի առողջապահության բարեփոխումը, վերանայել համաձայնագրերն արտաքին առևտրի ոլորտում` պաշտպանելու համար աշխատատեղերն ԱՄՆ-ում:

Էներգետիկայի ոլորտում նախատեսվում է վերացնել ածուխի արդյունահանման սահմանափակումը, գրում է Ինտերֆաքսը The Financial Times-ի վրա հղումով:

Նախատեսվում է նաև հավանություն տալ Keystone XL խողովակաշարի կառուցմանն ու չեղարկել անդամավճարների մուծումը ՄԱԿ-ին կլիմայի փոփոխության ծրագրով:

Ըստ The Wall Street Journal-ի, գլխավոր դատախազի պաշտոնը կարող է ստանձնել Նյու Ջերսիի դատախազ Քրիս Քրիստին կամ Արկանզասի նահանգի դատախազ Ասա Հաթչինսոնը: Թրամփի վարչակազմում կարևոր պաշտոն կարող է ստանձնել նաև Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի գլխավոր հավակնորդն է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Քլինթոնը զանգահարել է Թրամփին և ընդունել իր պարտությունը:

ԱՄՆ նորընտիր նախագահը կստանձնի պաշտոնը 2017-ի հունվարի 20-ին: