AM
10 Նոյեմբեր 2016 - 09:32 AMT

ԻՊ ավելի քան 1300 գրոհային է սպանվել Մոսուլի ազատագրման մեկնարկից ի վեր

«Իսլամական պետության» ավելի քան 1000 գրոհային է ոչնչացվել Իրաքի երկրորդ քաղաքը համարվող Մոսուլի ազատագրման ռազմական գործողության ընթացքում: Այդ մասին հայտարարել է միջազգային կոալիցիայի ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը Sky News Arabia հեռուստաալիքի վրա հղումով:

«Մոսուլի մատույցներում գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է ԻՊ 1363 կողմնակից»,-ասել է նա:

Կոալիցիայի ներկայացուցիչը, որն իրաքյան զորքերի հետ համատեղ մասնակցում է օրինական իշխանությունների վերականգնմանը քաղաքում, հավելել է, որ բոլոր այդ ծայրահեղականները ոչնչացվել են մարտական գործողությունների ժամանակ` չնշելով, սակայն, թե արդյոք հաշվառվում են ՌՕՈւ գործողությունների ժամանակ սպանված գրոհայինները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի զինվորականներն ազատագրել են գրոհայիններից Մոսուլի Ազ Զահրա թաղամասը:

Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: