Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Սուպերլիգա 1-ի 7-րդ տուրում բասկետբոլային «Ուրարտուն» պարտվել է «Նովոսիբիրսկ» ակումբին 76-100 հաշվով: Դա ՌԴ սուպերլիգայում հայկական նորակազմ ակումբի 7-րդ անընդմեջ պարտությունն էր:
Հետխաղյա մամուլի ասուլիսում «Ուրարտուի» գլխավոր մարզիչ՝ Տիգրան Գյոկչյանը խոսել է խաղի մասին:
«Բոլորն էլ ակնհայտ տեսնում են, որ մենք լավ պահեստայինների նստարան չունենք, խաղում ենք միայն մեկ կենտրոնական խաղացողով և ֆիզիկապես այդքան ուժեղ չենք ու չենք կարողանում դիմանալ այդ խաղային տեմպին: Մենք միշտ առաջին կեսը շատ լավ ենք անցկացնում, բայց արդեն երկրորդ կեսում շատ դժվարությամբ ենք խաղում, որորովհետև հոգնածության գործոնը շատ է ազդում տղաների վրա:
Արդեն երկու նոր խաղացող են միացել ակումբին, կարծում եմ, երբ նրանք սկսեն խաղալ, այդ ժամանակ ակումբի տեսքը ամբողջովին կփոխվի, որորվհետև երբ երեք լեգիոները միաժամանակ չեն խաղում ամենաբարձր որակով, երբ մեկը սխալ նետումներ է կատարում, իսկ մենք փոխարինող չունենք, արդեն շատ դժվար է խաղի մեջ մնալ, իսկ այսօր խաղում էին նրանցից երկուսը:
Տոդդ Օ՛բրայենը անում է այն ամենը, ինչ կարող է, նա լիդեր չէ, նա թիմային խաղացող է, ով կարող է փոխանցումներ կատարել, կարող է խմբային խաղում օգնել, բայց մենք ունենք Արիզոնա Ռեյդ և Տերի Սմիթ, ովքեր պետք է վաստակեն միավորներ, սակայն այսօր միայն Տերի Սմիթին էր դա հաջողվում: Իմ կարծիքով, Արիզոնան այսօր խաղաց իր ամենավատգույն խաղը», – պարզաբանել է մարզիչը:
Նրա խոսքով՝ առաջիկա խաղերին ժամանակ ունեն պատրաստվելու: «Աշխատում ենք պաշտպանության վրա, նոր խաղացողներ ենք ներգրավվում և փորձարկում: Յուրաքանչյուր խաղից հետո ավելի լավ ենք հանդես գալիս, բայց այս խաղում մեզ շատ ուժեղ մրցակից էր բաժին հասել»:
Գյոկչյանը նար ընդգծել է, որ «Նովոսիբիրսկ» ակումբի հետ խաղում մրցավարների գործողությունները շատ ազդեցին «Ուրարտուի» վրա. «մենք պատրաստ չէինք նման մրցավարության:
Առաջին քարորդում մենք պետք է 10 միավոր առաջ լինեինք, բայց նրանք շատ գրագետ ակումբ են, իսկ մեզ հոգնածությունը հաղթեց: Եթե ունենանք մեկ հաղթանակ արդեն մեծ տարբերություն կլինի, որովհետև սպորտում հաջողության 90%-ը հոգեբանական վիճակն է», – մարզչի խոսքերը մեջբերում է «Ուրարտու» ակումբի աշխատակազմը ֆեյսբուքյան էջում:
Երևանի նորակազմավորված «Ուրարտու» բասկետբոլային ակումբի կորիզը կազում են Հայաստանի հավաքականի խաղացողները, մասնակցում է Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը: Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի 2016/17թթ. խաղարկությանը մասնակցում է 13 ակումբ: Բացի «Ուրարտուից»` մնացած ակումբները ռուսական են:
2016-ի հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության:






