ԱՄՆ Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայ ուսանողները տապալել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, թուրքական բանակի սպա Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակը՝ Բեյլորի համալսարանի պրոֆեսոր Ջորջ Գոուրիչը, մի քանի նախադասություն է ասել, երբ մոտ 20 ուսանող բողոքի ձայն են բարձրացրել և անդադար կրկնել «Թուրքիան մեղավոր է Ցեղասպանության համար» և «Ցեղասպանությունը հերքող» արտահայտությունները: Daily Sundial-ը գրում է, որ Ցեղասպանությունը հերքելու մեջ ուսանողները մեղադրել են նաև Գոուրիչին:
Նշվում է, որ մուտքի մոտ կանգնած ոստիկանները լսել են աղմուկը և դասախոսին դուրս ուղեկցել լսարանից:
Դասախոսությունը անցկացվելու էր նոյեմբերի 9-13-ը` «Աթաթուրքի շաբաթվան» նվիրված միջոցառումների շրջանակներում:
«Մեր ուղերձը հետևյալն էր` «դադարեցրեք Ցեղասպանության ժխտումը, որը միլիոնավոր կյանքեր է արժեցել: Այս մարդը եկել է այստեղ և պնդում է, որ Ցեղասպանություն չի եղել. դա անհեթեթություն է»,- նշել է ցուցարար երիտասարդներից Էրիկ Բադիվիանը:
Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը թուրք քաղաքական, ռազմական և պետական գործիչ է, Թուրքական Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահը։ Մասնակցել է 1908 թվականին երիտթուրքերի հեղափոխությանը։ 1919 թվականին Անատոլիայում գլխավորել է ազգայնական, քեմալիստական (իր անունով) շարժմանը, փաստացի կառավարելով իր իսկ գլխավորած Ներկայացուցչական կոմիտեի միջոցով Անտանտի տերությունների կողմից չգրավված տարածքը։






