Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է հերթական անգամ վերընտրվել կառավարության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտնել է Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար, Քրիստոնյա-դեմոկրատական միության ներկայացուցիչ Նորբերտ Ռետգենը, որի առաջնորդն է Մերկելը:
Ըստ նրա, Մերկելը որպես պատասխանատու քաղաքական գործիչ, կրկին առաջադրվելու է կանցլերի պաշտոնում` «պահպանելու համար արևմտյան արժեքները»: Ռետգենը հայտարարել է, որ Մերկելը շատ վճռական է տրամադրված, հայտնում է ՌԻԱ Նովոստին CNN-ի վրա հղումով:
Նա նաև կոչ է արել արևմտյան երկրներին, առաջին հերթին ԱՄՆ-ին, սատարել Մերկելին:
Մերկելն առաջին անգամ ստանձնել է կանցլերի պաշտոնը 2005-ին, վերընտրվել է 2009-ին և 2013-ին: 2017-ի դաշնային ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Մերկելը հայտարարել էր Քրիստոնյա դեմոկրատական միության համագումարում մոտ 2 տարի առաջ:
Ավելի վաղ Գերմանիայի իշխող կոալիցիան պայմանավորվել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու մասին:






