AM
19 Նոյեմբեր 2016 - 08:50 AMT

ԱՀԿ-ն այլևս միջազգային խնդիր չի համարում Զիկա վիրուսը

Զիկա վիրուսն այլևս արտակարգ իրավիճակ չի համարվում առողջապահության ոլորտում, որը միջազգային նշանակություն ունի: Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարության մեջ, որը տարածվել է Զիկա վիրուսի իրավիճակի գծով արտակարգ կոմիտեի 5-րդ նիստից հետո:

«Կոմիտեն կարծում է, որ Զիկա վիրուսը և դրա հետ կապված բարդությունները խնդիր են հանրային առողջապահության համար և պահանջում են ինտենսիվ գործողություններ, սակայն արդեն չունեն միջազային նշանակություն»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կոմիտեն նշել է, որ հիվանդության և դրա բարդությունների ասպեկտներից շատերը դեռ պետք է հետազոտել, սակայն դա շատ ավելի լավ կարվի հետազոտությունների միջոցով: Արտակարգ կոմիտեն խորհուրդ է տալիս կայուն ծրագիր մշակել այդ հիվանդության դեմ պայքարելու համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է Զիկա վիրուսի փոխանցման դեպք` աշխարհի 67 երկրում: ԱՀԿ տվյալներով՝ 11 երկիր հայտարարել է մարդուց մարդ Զիկա վիրուսի փոխանցման դեպքերի մասին:

Զիկա վիրուսը հայտնվում է մարդու արյան մեջ մոծակների խայթոցի հետևանքով: Մի քանի օրում վարակվածների մոտ ի հայտ է գալիս բարձր ջերմություն, ցան, շաղկապենու բորբոքում:Հղի կանանց վարակման դեպքում նկարագրվել է նորածինների միկրոցեֆալիայի և զարգացման այլ բնածին արատների առաջացումը: Խորհւրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց: