ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի ՁԻԱՀ հետազոտման կենտրոնի գիտնականները կարողացել են փոփոխել T-լիմֆոցիտները, որոնք կայուն են դարձել ՄԻԱՎ-ի հանդեպ:
T-լիմֆոցիտները իմունային բջիջներ են, որոնք սպանում են ախտահարված և քաղցկեղային բջիջները: Ստանդարտ հակավիրուսային թերապիան ճնշում է ակտիվ ախտահարված բջիջները, սակայն չի ազդում մյուս ախտահարված T-լիմֆոցիտների վրա: Դա նշանակում է, որ այժմ գոյություն ունեցող դեղամիջոցները կարող են վերահսկել ՄԻԱՎ-վարակի ակտիվությունը, սակայն չբուժել դրանից: Ջեյմս Հոքսին իր աշխատակիցների հետ միասին փոփոխության է ենթարկել T-լիմֆոցիտները С34 պեպտիդը ներարկելով ՄԻԱՎ ներթափանցման գործում որոշիչ դեր ունեցող CXCR4 և CCR5 ռեցեպտորների մեջ, գրում է Lenta.ru-ն Mediacal Xpress-ի վրա հղումով:
Օգտագործելով այդ մոլեկուլները պեպտիդներն այնտեղ հասցնելու համար, ուր ներթափանցել է վիրուսը, հետազոտողները հայտնաբերել են, որ ՄԻԱՎ տարածումը դանդաղում է: Ընդ որում նման դեպքերում բջիջները պաշտպանված էին նույնիսկ վիրուսի այն շտամերից, որոնք կայուն են դեղամիջոցների հանդեպ: Հետազոտության արդյունքները հիմք են հանդիսացել ՄԻԱՎ վարակով հիվանդների մասնակցությամբ կլինիկական փորձարկումների համար, որոնք նախատեսվում է սկսել դեկտեմբերին:
Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ բրիտանացի բժիշկներին Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններից, ինչպես նաև Լոնդոնի Համալսարանական և Թագավորական քոլեջներից, հաջողվել է առաջին անգամ ՄԻԱՎ-ից բուժել մեծահասակ մարդու: Նոր մեթոդաբանությունն, ըստ գիտնականների, թույլ է տալիս հետևել ու ոչնչացնել ՄԻԱՎ-ն անմիջապես ամբողջ օրգանիզմում, ոչ թե միայն այն հատվածներում, որտեղ վիրուսն առավել ակտիվ է:






