ՄԱԿ առաջարկը Հալեպում ծանր մարտերի դադարեցման մասին մերժվել է Սիրիայի կառավարության կողմից: Այդ առաջարկը նախատեսում էր, որ ընդդիմությունը կպահպանի իշխանությունը քաղաքի արևելյան թաղամասերում ապստամբների ուժերի հեռանալուց հետո:
Նոյեմբերի 20-ին ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան առաջարկեց Դամասկոսին ինքնավարություն տրամադրել Հալեպի այն մասերին, որոնք վերահսկում է ընդդիմությունը, սակայն Սիրիայի իշխանությունները մերժեցին առաջարկը, հայտնում է BBC-ին:
Ավելի վաղ Դե Միստուրան հայտարարել էր, որ կառավարությունը կարող է «պյուռոսյան հաղթանակի» հասնել Հալեպում, եթե քաղաքական համաձայնության չգա ընդդիմության հետ:
Դե Միստուրան Դամասկոս էր ժամանել երկրում կրկին խաղաղության հասնելու փորձ ձեռնարկելու նպատակով: Նրա առաջարկները, ինչպես հայտնում է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը, ներառում են ինքնավար վարչակազմի ստեղծում ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններում:
Վալիդ Մուալեմը, որը նոյեմբերի 20-ին հանդիպել էր Սիրիայում ՄԱԿ հատուկ դեսպանորդի հետ, այդ առաջարկն անվանեց Սիրիայի ազգային ինքնիշխանության խախտում:
Վերջին ամիսներին Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել, մոտ 3000-ը վիրավորվել է, որոնցից կեսը երեխաներ են: Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հայտնել է, որ միայն նոյեմբերի 19-ին Հալեպի արևելյան թաղամասերին 180 ավիահարված է հասցվել:
Ընթերցեք նաև. 8 երեխա է զոհվել Հալեպում դպրոցների հրթիռակոծման հետևանքով






