AM
23 Նոյեմբեր 2016 - 08:15 AMT

520.000 եվրո` Էյֆելյան աշտարակի աստիճանի մի մասի համար

Փարիզի հայտնի Էյֆելյան աշտարակի մի հատվածն աճուրդի էր հանվել և վաճառվել է 523.000 եվրոյով Փարիզի Artcurial աճուրդում, հայտնում է Ռիա Նովոստին «Ֆրանս պրեսի» վրա հղումով:

Աճուրդի հանված հատվածի բարձրությունը 2,6 մ է, այն բաղկացած է 14 սանդղամատից: Պարույրաձև աստիճանի տվյալ հատվածը 1889-ին միացրել է Էյֆելյան աշտարակի 2-րդ և 3-րդ հարկերը:

Սակարկությունների նախնական գումարը 20.000 եվրո էր: Արդյունքում առավելագույն գինն առաջարկեց Ասիայի երկրներից մեկի քաղաքացին, որը վճարեց սանդուղքի հատվածի համար 523.800 եվրո:

1889-ին Գուստավ Էյֆելի կողմից ստեղծված պտուտասանդուղքն ապամոնտաժվել է 1983-ին: Այն բաժանվել է 24 մասի, որից 4-ը նվիրվել է ֆրանսիական թանգարաններին, իսկ մնացած 20-ը վաճառվել է աճուրդում: 2013-ին աճուրդում 220.000 եվրոյով վաճառվել է Էյֆելյան աշտարակի 2-րդ և 3-րդ հարթակները միացնող մասը: