«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են «Վեսթ Հեմի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստը: Այդ մասին ասվում է անգլիական ակումբի ֆեյսբուքյան էջում:
«Դուք քվեարկել եք Հենրիխ Մխիթարյանի օգտին, որպես «Վեսթ Հեմի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստի: Նա արժանի է դրան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ուրախ է Մխիթարյանի համար: «Ես ուրախ եմ, քանի որ մենք խաղում էինք մի ակումբի դեմ, որն ունի Պրեմիեր լիգային հատուկ որակներ ու բնութագիր: Սա առաջընթաց է, քանի որ «Ֆեյենոոդրի» դեմ խաղում մենք կարող էինք մտածել, որ դա այլ մակարդակ է, բայց այսօր Մխիթարյանը լավ խաղ ցուցադրեց: Ես իրոք ուրախ եմ նրա համար: Մենք սպասում էինք, որ նա հարմարվի թիմին, դա արդեն տեղի է ունենում»,-ասել է Մոուրինյոն, հայտնում է Daily Mail-ը:
«Ես հիացած եմ թիմի խաղով: Մենք լավ աշխատանք կատարեցինք, փորձեցինք մեր լավագույն որակները ցույց տալ: Մեր մոտ ամեն ինչ ստացվեց և մենք շատ ուրախ ենք: Նախորդ խաղում մենք չօգտագործեցինք մեր պահերը, իսկ այսօր ամեն ինչ ստացվեց և մենք 4 գոլ խփեցինք: Հնարավոր է, կարող էինք նաև ավելի շատ գնդակ իրացնել, սակայն, ի վերջո կանգ առանք: Կարծում եմ, գերազանց խաղ ստացվեց: Մենք պետք է շարունակենք աշխատել և կենտրոնանալ «Էվերտոնի» դեմ խաղի վրա»,-ասել է Մխիթարյանը:
Նոյեմբերի 30-ին Հենրիխ Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ և օգնեց «Մանչեսթեր Յունայթեդին» ջախջախել հակառակոդրին 4:1 հաշվով:
Ընթերցեք նաև.Մխիթարյանը 2016-ի լավագույն ֆուտբոլիստների 100-յակում է






