Վրացական գրերի 3 այբուբեն գոյություն ունի`մրգվլովանի, նուսխուրի և ժամանակակից մխեդրուլի, որոնք ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այդ մասին դեկտեմբերի 1-ին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն:
Նշվում է, որ որոշումը կայացվել է Ադիս Աբեբայում կայացած ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի 11-րդ նստաշրջանում:
ՅՈւՆԵՍԿՕ-ն հավանություն է տվել Վրաստանի ներկայացրած հայտին և որոշել է, որ այն «ամբողջությամբ համապատասխանում է ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայով նախատեսված չափանիշներին»:
Հայտը ներկայացվել էր 2015-ին` նպատակ ունենալով «ընդգծել վրացական գրերի համակարգային էվոլյուցիայի արդյունքում ստեղծված 3 այբուբենի (մրգվլովանի, նուսխուրի և ժամանակակից մխեդրուլի) ներդաշնակ գոյակցությունը ժամանակակից իրողության մեջ»:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է «վրացական այբուբենի միջազգային ճանաչման կապակցությամբ», հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վրաց գրերը հնագույններից են աշխարհում: Վրացական գրերը դարերի ընթացքում ձևափոխվել են, և նախնականից բացի ձևավորվել է ևս երկու այբուբեն: 5-րդ դարում ստեղծված առաջին այբուբենը կոչվում է ասոմթավրուլի (մեծատառ). տառերի կլոր, բոլորատառ ոճի շնորհիվ այն նաև անվանվում է մրգվլովանի (բոլորատառ): 9-րդ դարում ստեղծվել է նուսխուրի այբուբենը, իսկ 11-րդ դարի սկզբում վրացական այբուբենը վերջին անգամ փոփոխության ենթարկվեց և ստեղծվեց գրերի վերջին` մխեդրուլի տարբերակը, որը վերջնական տեսք ստացավ 15-րդ դարում: Վրացական այբուբենն այժմ բաղկացած է 33 տառից` 5 ձայնավոր և 28 բաղաձայն:






