Անկարան կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և թույլ չի տա քրդերին երկրի հյուսիսում միջանցք ստեղծել կանտոնների (շրջանների) միջև, որոնք վերահսկվում են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միության կուսակցության» կողմից: Այդ մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը գլխավորել է երկրի նախագահ էրդողանը և որը տևել է 6 ժամ:
Թուրքիայի իշխանությունները ԺՄԿ-ն համարում են ահաբեկչական կազմակերպություն, կապված Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Սիրիայի հյուսիսում շարունակվում է «Եփրատի վահանը» գործողությունը, որի նպատակն է Թուրքիայի սահմանների անվտանգության ապահովումը և ԻՊ ու այլ կազմակերպությունների ահաբեկչական սպառնալիքի վերացումը: Թուրքիան սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և թույլ չի տա ՔԱԿ, ԺՄԿ ահաբեկիչներին և սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատներին «ահաբեկչական միջանցք» ստեղծել Սիրիայի հյուսիսում»,-ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում նախագահ Բաշար Ասադի ռեժիմին «վերջ դնելու համար»: Նա հավելել է, որ թուրքական բանակը «ցանկացած այլ պատճառով» ռազմական գործողություններ Սիրիայում չէր սկսի:
Փաստաթղթում նաև մտահոգություն է հայտնված հյուսիսային Իրաքում ժողովրդագրական կազմի հնարավոր փոփոխման առնչությամբ Մոսուլի ազատագրումից հետո: Նշվում է, որ Թուրքիան կարող է միջոցներ ձեռնարկել, եթե իր անվտանգությանը սպառնալիք լինի իրաքյան Սինջարում ՔԱԿ գործողությունների հետևանքով:
Նոյեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը», թուրքական ԶՈւ աջակցությամբ Էլ Բաբ քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո, հարձակման կանցնի Մանբիջ քաղաքի ուղղությամբ:
Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:






