Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ պատրաստ է վերջ դնել Ռուսաստանի հետ տարածքային վեճին: «Ես ցանկանում եմ բարձր մակարդակի բանակցություններ անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Եվ վճռական եմ տրամադրված տարածքային վեճին վերջ դնելու հարցում»,- ասել է Աբեն, հայտնում է Gazeta.ru-ն:
Դեկտեմբերի 8-ին Ճապոնիան պաշտոնապես հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ճապոնիա կայցելի դեկտեմբերի 15-16-ին:
Դա կլինի Պուտինի 6-րդ այցն այդ երկիր և 4-րդ այցը ՌԴ նախագահի պաշտոնում: Ինչ վերաբերում է Ճապոնիայի գործող վարչապետին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը 2006-2007թթ. և պաշտոնավարում է 2012-ի ավարտից մինչ օրս, ապա հանդիպումը ՌԴ նախագահի հետ արդեն 16-րդը կլինի նրա համար:
1956-ին ԽՍՀՄ-ն ու Ճապոնիան հռչակագիր են ստորագրել պատերազմական վիճակի դադարեցման մասին: Սակայն խաղաղ պայմանագիր երկրների միջև չի կնքվել Կուրիլյան կղզիների հարավային հատվածի շուրջ տարածքային վեճի պատճառով:






