Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցություններում նոր գլուխների բացումն անհնար է թուրքական իշխանությունների հետապնդումների պատճառով: Այդ մասին հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը:
Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանն ընդունել էր Թուրքիա-ԵՄ բանակցությունները սառեցնելու վերաբերյալ իրավականորեն ոչ պարտադիր բանաձև՝ մատնանշելով հուլիսյան հեղաշրջման փորձից հետո երկրում համատարած հետապնդումներն ու բռնաճնշումները։Թուրքիայի անդամակցության հարցը վերջնականորեն վճռվելու է Եվրախորհրդի հավաքի արդյունքներով, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-16-ը։
«Ստեղծված իրավիճակում անհնար է նոր բանակցայիյն հոդվածներ բացել»,-ասել է նա լրագրողներին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանն իր հերթին խոստովանել է, որ արդեն «մեկ ամիս է, ինչ Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում»:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը, քննադատելով Թուրքիային մարդու իրավունքների խախտումների համար, դեկտեմբերի 12-ին հայտարարել է, որ Թուրքիա-Եվրամիություն անդամակցության հետագա բանակցությունները կարգելակվեն Վիեննայի կողմից:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կփակի ԵՄ հետ սահմանները փախստականների համար, եթե ԵՄ-ն շարունակի Անկարայի հանդեպ իր որդեգրած քաղաքականությունը:
11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա:






