AM
14 Դեկտեմբեր 2016 - 07:18 AMT

Թուրքիան կմասնակցի Ռաքքայի գործողությանը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ գործակցությամբ

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ԻՊ գրոհայիններից սիրիական Ռաքքայի ազատագրման գործում սերտորեն համագործակցում է գործընկերների հետ, այդ թվում Թուրքիայի: Այդ մասին հայտարարել է կոալիցիայում ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Բրետ Մակգերկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն 200 զինվոր կգործուղի Սիրիա օգնելու համար քուրդ աշխարհազորայիններին ու ապստամբներին, որոնք պայքարում են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Ամերիկացի զինվորականները հիմնականում կաջակցեն այն ուժերին ու խմբավորումներին, որոնք առաջիկայում մտադիր են գրոհել Ռաքքան:

«Ռաքքայի ազատագրման գործում մենք սերտորեն համագործակցում ենք մեր գործընկերների հետ, այդ թվում Թուրքիայի: Անցած շաբաթ Անկարայում արդյունավետ բանակցություններ են ընթացել այդ հարցի շուրջ»,-ասել է նա:

Ավելի վաղ միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Ջոն Դորիանը հայտարարել էր, որ կոալիցիան կաջակցի Թուրքիայի և քրդամետ Սիրիայի ժողովրդավարական ուժերի բանակցություններին:

Նոյեմբերին հայտնի դարձավ, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) ԻՊ գրոհայիններից Ռաքքայի ազատագրումից հետո կարող են ներառել քաղաքը դաշնային շրջանի մեջ, եթե բնակիչները կողմ լինեն դրան: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում քրդերի սիրիական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին, որի ջոկատները կռվում են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմում: