Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստովանել է, որ անձամբ է սպանել թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ կասկածվողներին: Այդպիսի հայտարարություն նա արել է գործարարների հետ հանդիպմանը: Թմրամոլության դեմ պայքարը նրա գլխավոր նախընտրական խոստումն է:
Խոստովանությունը հնչել է թմրանյութերի դեմ պայքարի մեթոդների քննարկման ժամանակ: Ըստ ոստիկանության վիճակագրության, 2016-ի հուլիսից հակաթմրամոլային պայքարի շրջանակում մոտ 5000 մարդ է սպանվել:
Դուտերտեն պատմել է թմրանյութերի մաֆիայի դեմ պայքարի սեփական փորձի մասին Դավաո քաղաքի ղեկավարի պաշտոնում:
«Դավաոյում ես ստիպված եմ եղել անձամբ դա անել: Ուղղակի տղաներին օրինակ ծառայելու համար»,-ասել է նախագահը:
«Ես շրջում էի մոտոցիկլով, ուղղակի պարեկում էի փողոցները, խնդիրներ էի որոնում: Կռիվներ էի հրահրում սպանելու հնարավորություն ունենալու համար»,-ասել է Դուտերտեն, հայտնում է BBC-ին:
Նա նաև արձագանքել է իրավապաշտպան կազմակերպությունների և ԱՄՆ նախագահ Օբամայի քննադատությանը` հանցավորության դեմ պայքարում կոշտ մեթոդների համար: Նա հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել իր հակաթմրանյութային արշավը:
2016-ի սեպտեմբերին նախկին վարձու մարդասպան Էդգար Մատոբատոն հայտնել էր, որ Դուտերտեն Դավաոյի քաղաքապետի պաշտոնում հրամայում էր առանց դատի սպանել հանցագործներին ու իր ընդդիմադիրներին: Ըստ նրա, այդ ճանապարհով մոտ 1000 մարդ է սպանվել: Ինքը Դուտերտեն հերքում էր իր մեղսակցությունը սպանություններին:






