Իսլամիստ ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը, որն ըստ թուրքական ԶԼՄ-ների, կարող է կապ ունենալ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետ, դատապարտել է այդ հանցագործությունը և ցավակցություն հայտնել ՌԴ ժողովրդին: Այդ մասին ասվում է Գյուլենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեկտեմբերի 19-ի ուշ երեկոյան նյույորքյան Alliance for Shared Values կազմակերպության կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես շոկի մեջ էի և խորապես վշտացած, երբ իմացա ՌԴ դեսպանի ողբերգական սպանության մասին: Ես խստորեն դատապարտում եմ այդ հրեշավոր ահաբեկչությունը»,-ասվում է փաստաթղթում:
Գյուլենը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին մանրակրկիտ կերպով հետաքննել կատարվածը, «պարզել այն անձանց ինքնությունը, ով օգնել է դա իրագործել, և միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդպիսի հարձակումներն ապագայում այլևս չկրկնվեն»:
Նա նշել է, որ, ըստ փորձագետների, «Թուրքիայում վատթարացել է անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի վիճակը, քանի որ երկրի կառավարությունը հարյուրավոր ոստիկանների գործուղել է այլ աշխատանքի»:
«Դեսպանի սպանությունը, որը մի ամբողջ երկիր է ներկայացնում, էլ ավելի է սրում հակամարտությունը Սիրիայում, որն արդեն հազարավոր կյանքեր է խլել այդ երկրում, կրակին յուղ է լցնում»,-ասել է ընդդիմադիր գործիչը:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները կարծիք էին հայտնել, որ Կարլովի վրա կրակած 22-ամյա Մևլութ Մերթ Ալթինթաշը կարող է առնչություն ունենալ Գյուլենի կազմակերպության հետ, որին Անկարան պատասխանատու է համարում երկրում հուլիսին պետական հեղաշրջման անհաջող փորձի համար: Գյուլենն արդեն 15 տարի է ապրում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է:






