Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի անունը կհավերժացվի Թուրքիայում` նրա պատվին փողոց կանվանակոչեն Անկարայում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ինձ այդ մասին հեռախոսով տեղեկացրել է Թուրքիայի վարչապետը: Մասնավորապես, այն փողոցը, որտեղ գտնվում է Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը, կվերանվանվի Անդրեյ Կարլովի անունով»,-ասել է Չավուշօղլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում, գրում է «Վեդոմոստին»:
«Թուրքիայի վարչապետը նաև իր խորին ցավակցությունն է հայտնել ՌԴ ԱԳՆ-ին և ամբողջ ռուս ժողովրդին»,-ասել է Չավուշօղլուն:
Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է:
Կարլովի վրա կրակած 22-ամյա Մևլութ Մերթ Ալթինթաշը ծառայում էր ոստիկանությունում, սակայն դեսպանի վրա հարձակման օրը իր պարտականությունները կատարելիս չի եղել: Նա սպանվել է հատուկ գործողության արդյունքում: ՌԴ ԱԳՆ-ն կատարվածն ահաբեկչություն է անվանել և նշել, որ Մոսկվան այդ հարցը կբարձրացնի ՄԱԿ ԱԽ-ում:






