Մոսկվան մտադիր է սառեցնել առանց վիզաների ռեժիմի մասին բանակցությունները Թուրքիայի հետ` Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից հետո: Այդ մասին հայտնում է «Իզվեստիան» ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրի վրա հղումով:
Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է:
Մի քանի ամիս առաջ դեսպան Կարլովը կոչ էր արել չշտապել Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման հարցում, քանի որ, ըստ նրա, ոչ բոլոր միջոցներն են ձեռնարկվել երկրում անվտանգության ապահովման համար:
Ըստ պարբերականի, վիզաների չեղարկման հարցը հետաձգվել է անորոշ ժամանակով: Նշվում է նաև, որ ՌԴ-ն գործադրում է բոլոր ջանքերն իր քաղաքացիների անվտանգությունը Թուրքիայում ապահովելու նպատակով:
«Թուրքիան պետք է լուրջ աշխատանք կատարի երկիր ժամանողների անվտանգությունն ապահովելու համար և երաշխիքներ տա, որ ՌԴ ժամանողները մանրակրկիտ ստուգում են անցել»,-մեջբերում է թերթը աղբյուրին ԱԳՆ-ում:
Դիվանագիտական աղբյուրը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ չեղարկել Թուրքիայի հետ գործող վիզային ռեժիմը «վերջին ողբերգական իրադարձություններից, ինչպես նաև մի շարք միջադեպերից հետո»:
Կարլովի վրա կրակած 22-ամյա Մևլութ Մերթ Ալթինթաշը ծառայում էր ոստիկանությունում, սակայն դեսպանի վրա հարձակման օրը իր պարտականությունները կատարելիս չի եղել: Նա սպանվել է հատուկ գործողության արդյունքում: ՌԴ ԱԳՆ-ն կատարվածն ահաբեկչություն է անվանել և նշել, որ Մոսկվան այդ հարցը կբարձրացնի ՄԱԿ ԱԽ-ում:






