AM
22 Դեկտեմբեր 2016 - 13:23 AMT

Շոյգու. ՌԴ գործողությունը Սիրիայում նպաստեց գունավոր հեղափոխությունների կասեցմանը

Ռուսաստանի ԶՈւ գործողությունը Սիրիայում նպաստեց մի շարք աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը`մասնավորապես, թույլ տվեց ընդհատել «գունավոր հեղափոխությունների» շղթան Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի ամփոփիչ զեկույցում, գրում է «Վեդոմոստին»:

Ըստ նախարարի, ռուս զինվորականների գործողությունների արդյունքում ահաբեկիչներին Սիրիայում զգալի վնաս է հասցվել և կասեցվել է նրանց տարածումը տարածաշրջանում, խախտվել է ավազակախմբերի ֆինանսական սնուցումը և ռեսուսրսային ապահովման համակարգը, կասեցվել է Սիրիայի պետականության կազմալուծումը: Նաև այդ գործողության շնորհիվ գործարկվել է հակամարտո կողմերի հաշտեցման և քաղաքական կարգավորման գործընթացը, ասվում է զեկույցում:

Ըստ Շոյգուի, ռուսական ինքնաթիռները Սիրիայում մոտ 19.000 թռիչք են կատարել, արդյունքում սպանվել է 35.000 գրոհային և ոչնչացվել է 1500 միավոր տեխնիկա:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Հալեպի գրավումը սիրիական զորքերի կողմից հաղթանակ է Դամասկոսի դաշնակիցների, այդ թվում Ռուսաստանի և Իրանի համար:

Սիրիական բանակի կողմից Հալեպում լիակատար հսկողություն հաստատելու մասին հայտարարվեց դեկտեմբերի 13-ին: Մինչ այդ 4 տարի շարունակ քաղաքի արևմտյան թաղամասերը վերահսկում էր կառավարությունը, իսկ արևելյանը` այսպես կոչված չափավոր ընդդիմության և «Ան Նուսրայի ճակատի» գրոհայինները: Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: