Բեռլինում բեռնատարով ահաբեկչություն գործած Անիս Ամրին փորձել է ստիպել զարմիկին սպանել հորեղբորը` ապացուցելու համար իր հավատարմությունը ահաբեկչական «Իսլամական պետությանը»:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին հաջողվել է փախչել:
Ամրին փող է ուղարկել զարմիկին, որպեսզի նա կարողանա Եվրոպա ժամանել ահաբեկչությունից առաջ: Ահաբեկիչը նաև հորդորել է 18-ամյա Ֆադիին սպանել հորեղբորը որպես հավատարմության նշան ԻՊ-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Telegraph-ի վրա հղումով:
Ավելի վաղ Թունիսի ՆԳՆ-ն հայտնել էր, որ հանցագործի հետ կապ ունեցող 3 անձ է ձերբակալվել: Ըստ գերատեսչության, դեկտեմբերի 23-ին ահաբեկչական օղակ է վնասազերծվել, որը գործում էր Քեյրուանի գավառում: Իրավապահ մարմինները պարզել են, որ անդամներից մեկը` ահաբեկչի քրոջ որդին է, որը խոստովանել է, որ կապ է պահպանել Ամրիի հետ Telegram-ի միջոցով:
Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության գործով պաշտոնապես հետախուզման մեջ է գտնվում թունիսցի Անիս Ամրին: Նա 24 տարեկան է: Թունիս կասկածյալը չի վերադարձել, քանի որ չուներ անձը հաստատող փաստաթղթեր, իսկ աֆրիկյան այդ երկրի իշխանությունները մի քանի ամիս շարունակ վիճարկել են նրա Թունիսի քաղաքացի լինելու հանգամանքը:






