AM
26 Դեկտեմբեր 2016 - 08:26 AMT

Հալեպի մատույցներում ավելի քան 50 ահաբեկիչ է սպանվել

Սիրիական բանակի մարտիկներն ու կամավորական ջոկատները հետ են մղում «Իսլամական պետության» զինյալների գրոհները Հալեպից 40 կմ հեռավորության վրա: Ինչպես հայտնել է SANA գործակալությունը, ԻՊ ավազակախմբերը փորձում են հասնել կառավարական ուժերի պաշտպանական բնագծին Դեր Հաֆիր շրջանում` ավիացիոն ուսումնարանի տարածքում:

Այդ կարևոր հենակետի պաշտպանները հետ են մղել գրոհն ու հետապնդում են հակառակորդին Մեշրեֆ Բու Ջաբար և Էլ Բեյջան բնակավայրերի մոտ: Այդ մասին գործակալությանն է հայտնել ռազմական հրամանատարության ներկայացուցիչը:

«Սպանվել է ավելի քան 50 ահաբեկիչ, ոչնչացվել են նրանց ռազմատրանսպորտային միջոցները»,-ասել է նա: ԻՊ խմբերը սեպտեմբերին կանոնավոր գրոհներ են ձեռնարկում Դեր Հաֆիրի շրջանում և փորձում են գրավել սիրիական զորքերի այդ հենակետը: Այդ ուղղությամբ է գտնվում մեկ այլ պաշտպանական բնագիծ` ռազմական օդանավակայան Կվեյրասը, որն ազատագրվել էր ահաբեկիչներից 2015-ի նոյեմբերին:

Սիրիացի զինծառայողներն ու կամավորականները մարտեր են մղում ԻՊ ավազակախմբերի դեմ Պալմիրայից 90 կմ հեռավորության վրա: Հետ է մղվել ԻՊ գրոհը հարևան բնակավայրում` Ջուբ էլ Ջարահում: Ինչպես հայտնել է SANA-ն, այնտեղ ոչնչացվել է 20 ահաբեկիչ դաշտային հրամանատար Աբու Բաքր Հալֆայի հրամանատարությամբ: