AM
27 Դեկտեմբեր 2016 - 09:24 AMT

Իսրայելի ՊՆ ղեկավարը կոչ է արել հրեաներին հեռանալ Ֆրանսիայից

Իսրայելի պաշտպանության նախարար, «Մեր տուն Իսրայելը» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել Ֆրանսիայի հրեաներին տեղափոխվել Իսրայել` հրեական պետության հանդեպ Ֆրանսիայի քաղաքականության պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հունվարի 15-ին Փարիզում կայանլու է մերձավորարևելյան կարգավորմանը նվիրված խորհրդաժողով:

«Բավական է զննել 2016-ին Ֆրանսիայի քվեարկությունները միջազգային կազմակերպություններում` ՅՈւՆԵՍԿՕ-ում, ՄԱԿ-ին կից Մարդու իրավունքների խորհրդում, ՄԱԿ ԱԽ-ում, և ամեն ինչ պարզ է դառնում»,-ասել է նա:

Անդրադառնալով Փարիզի խորհրդաժողովին` Լիբերմանն ասել է, որ այն ապարդյուն է լինելու: «Դա խաղաղ խորհրդաժողով չէ, ոչ մի խնդիր այն չի կարող լուծել, և չի էլ պատրաստվում: Դա իսկական տրիբունալ է Իսրայել Պետության դեմ»,-ասել է նախարարաը:

Ըստ կազմակերպիչների, Փարիզի խորհրդաժողովը պետք է վերակենդանացնի պաղեստինա-իսրայելյան խաղաղ գործընթացը: Իսրայելը հրաժարվել է մասնակցել` կոչ անելով Փարիզին չեղարկել համաժողովը:

Ըստ Լիբերմանի, «խորհրդաժողովի իրական նպատակը Իսրայելի անվտանգությանն առավելագույնս վնասելն է, հրեական պետությանը վատաբանելը»: «Ըստ մեր տեղեկությունների, այնտեղ Դրեյֆուսի մերօրյա դատավարություն է պատրաստվում: Բայց հիմա մեղադրյալի աթոռին մեկ հրեայի փոխարեն, կլինի Իսրայելի ամբողջ ժողովուրդը»,-ասել է նա:

Ըստ Լիբերմանի, խորհրդաժողովն էլ ավելի կվատթարացնի հրեաների հանդեպ վերաբերմունքը Ֆրանսիայում: Ըստ նրա, ժամանակն է ասել ֆրանսաբնակ հրեաներին` դա ձեր պետությունը չէ, դա ձեր հողը չէ, թողեք Ֆրանսիան և վերադարձեք Իսրայել:

Պաղեստինը կողմ է Փարիզի խորհրդաժողովի անցկացմանը` համարելով, որ բանակցությունների երկկողմ ձևաչափը սպառել է իրեն: