AM
27 Դեկտեմբեր 2016 - 11:24 AMT

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում հրադադարի հաստատման պարամետրերը

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների Աստանայում կայանալիք հանդիպման նախապատրաստումն ու Սիրիայում հրադադարի հաստատման պարամետրերի համաձայնեցումը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Նախարարները շարունակել են կարծիքներ փոխանակել Սիրիայի վերաբերյալ: Կարևորվել է մարտական գործողությունների դադարեցման գործնական պարամետրերի շուտափույթ համաձայնեցումը, չափավոր ընդդիմության զատումը ահաբեկչական խմբավորումներից և Աստանայում կայանալիք հանդիպման նախապատրաստումը, որի նպատակն է կարգավորման քաղաքական գործընթաց սկսել ըստ ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևի»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Աստանայում կայանալիք միջսիրիական բանակցությունները նախատեսված են հունվարի երկրորդ կեսին: Այդ մասին հայտնել է ընդդիմադիր խմբերից մեկի ներկայացուցիչ Քադրի Ջամիլը: Աշխատանքն այնուհետև կշարունակվի Ժնևում, որտեղ Սիրիայի գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան փետրվարի 8-ին մտադիր է բանակցությունների հերթական փուլն անցկացնել: