AM
28 Դեկտեմբեր 2016 - 07:43 AMT

Կուբան պաշտոնապես արգելել է Ֆիդել Կաստրոյի անձի պաշտամունքը

Կուբայի Ազգային ժողովը հավանություն է տվել օրենքին, որով արգելվում է Ֆիդել Կաստրոյի արձանների տեղադրումը: Բացի այդ, օրենքով արգելվում է նրա պատվին փողոցներ, հրապարակներ, ճանապարհներ և այլ կառույցներ անվանակոչել:

Նոյեմբերի 25-ի երեկոյան կյանքից հեռացավ կուբայական հեղափոխության առաջնորդ, Կուբայի նախկին ղեկավար, պետական, քաղաքական գործիչ Ֆիդել Կաստրոն:

Կյանքի օրոք Կաստրոն բազմիցս է կրկնել, որ դեմ է անձի պաշտամունքին, գրում է vesti-ukr-ը Reuters-ի վրա հղումով: Նշվում է, սակայն, որ չնայած դրան, Կուբայում ամենուր էր Կաստրոյի պաշտամունքը:

«Նրա մարտական ոգին կմնա Կուբայի բոլոր հեղափոխականների գիտակցության մեջ` այսօր, վաղը և միշտ»,-ասել է Ազգային ժողովին ուղղված ուղերձում նախագահ Ռաուլ Կաստրոն` Ֆիդելի կրտսեր եղբայրը: Ուստի, ըստ նրա, «Էլ Կոմանդանտեի» հիշատակը հարգելու լավագույն միջոցը կլինի հեղափոխության նրա հայեցակարգին հետևելը:

Նոր օրենքը չի արգելում օգտագործել Ֆիդել Կաստրոյի կերպարը երաժշտության, գրականության մեջ, կինոյում: Կաստրոյի լուսանկարներն ու դիմանկարները ամենուր են` գրասենյակներում, պետական հաստատություններում և փողոցներում, սակայն, դա անձի պաշտամունք չի համարվում: Արգելվում է միայն հուշարձաններ կանգնեցնելն ու գեոնիմներ (փողոցներ, հրապարակներ, ճանապարհներ) նրա պատվին անվանակոչելը:

Ֆիդել Կաստրոն 1976 թվականի դեկտեմբերից 30 տարի շարունակ, եղել է Կուբայի պետխորհրդի նախագահը, ինչպես նաև՝ Նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։

Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել էր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։