AM
28 Դեկտեմբեր 2016 - 09:12 AMT

Իրանի ՊՆ ղեկավար. Իրանը չի հանդուրժի Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում

Իրանը չի հանդուրժի Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում: Այդպիսի հայտարարություն է արել Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը Russia Today-ին տված հարցազրույցում:

«Մենք հրավիրել ենք Ադրբեջանում մեր բարեկամների ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ Իսրայելի մուտքը տարածաշրջան օգուտ չի բերի իրենց: Իրանը դա չի հանդուրժի: Սակայն, դա նրանց որոշումն է, որն ընդունվել է իրենց շահերից ելնելով, և մենք չենք կարող առարկել դրան»,-ասել է Իրանի ՊՆ ղեկավարն` անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի այցին Ադրբեջան:

Նեթանյահուի Ադրբեջան այցի շրջանակում երկու երկրները $5 մլրդ-ի պայմանագրեր են կնքել սպառազինության առաքումների մասին, ինչպես նաև համաձայնագիր են կնքել անվտանգության և ռազմական ոլորտում համագործակցության մասին:

Իրանցի նախարարը հիշատակել է, որ մոտ 2 տարի առաջ իսրայելյան անօդաչու սարք է հատել Իրանի օդային սահմանն Ադրբեջանի տարածքից: «Մենք բողոքի նոտա ուղարկեցինք նրանց և մատնանշեցինք, որ Իսրայելն Ադրբեջանում հետախուզական պատուհան ունի: Այն ժամանակ Ադրբեջանի նախագահը դժվարացավ համաձայնել: Սակայն մեկ տարի անց, երբ ես հանդիպեցի նրան և խոսեցի, պարզվեց, որ Ադրբեջանում կա իսրայելյան լրտեսական օղակ»,-ասել է նա:

«Կրածում եմ, մեր բարեկամներն Ադրբեջանում պետք է հասկանան, որ շատերը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս չեն ցանկանում, որ Իրանի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերություններ հաստատվեն և ձգտում են խանգարել:…Ինչ վերաբերում է Նեթանյահուի սպառնալիքներին, ապա մենք նրան չենք ճանաչում և մտադիր չենք լսել նրա հայտարարությունները: Դատարակ խոսքերը չեն հարկվում: Թող ասի ինչ ուզում է: Քանի դեռ չի հոգնել»,-ասել է Դեհգանը, գրում է RT-ն:

Դեկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահի հետ:Ադրբեջանն Իսրայելի ռազմարդյունաբերության հիմնական գործընկերներից է: Ըստ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, Ադրբեջանի բանակը գնել է Իսրայելից անօդաչու թռչող սարքեր, հականավային հրթիռներ, զենիթահրթիռային համալիրներ, թիրախների վաղ հայտնաբերման ռադիոտեղորոշիչ կայաններ:

Դեռ 2015-ին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պատմական մասշտաբի սխալ է համարել Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնությունը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: