Թուրքիայի Զինված ուժերը «Եփրատի վահանը» ռազմական գործողության շրջանակում լրացուցիչ ուժեր են տեղափոխում Սիրիա, այդ թվում հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ, հայտնում է Haqqin.az-ը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնեցրել են Սիրիայում համատարած հրադադարի հաստատման պլանը:
Լրացուցիչ ուժերը, ռազմատեխնիկան և հատուկ նշանակության ստորաբաժանումները հատել են Սիրիայի սահմանը թուրքական Քիլիս գավառի շրջանում:
Հայտարարվել է, որ լրացուցիչ ուժերը մասնակցելու են սիրիական Էլ Բաբի համար կռիվներին:
Էլ Բաբը գտնվում է Սիրիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա: Այժմ քաղաքը շրջափակված է, թուրքական զորքերը փակել են քաղաքը Հալեպի հետ կապող ճանապարհը:
Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:
Ընթերցեք նաև. ՌԴ-ն ու Թուրքիան համաձայնեցրել են Սիրիայում համատարած հրադադարի հաստատման հարցը






