AM
29 Դեկտեմբեր 2016 - 07:58 AMT

ԶԼՄ-ներ. ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը կարող են բաժանել Սիրիան ազդեցության գոտիների

ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը գործարքի արդյունքում կարող են բաժանել Սիրիան ոչ պաշտոնական ազդեցության գոտիների: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Ավելի վաղ Anadolu գործակալությունը հայտնել էր, որ Անկարան և Մոսկվան պայմանավորվել են հրադադարի ռեժմը Սիրիայի ամբողջ տարածքում պահպանելու մասին՝ դեկտեմբերի 29-ի 00:00-ից: ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում բավարար տեղեկություններ չունեն պայմանավորվածությունների մասին:

Ըստ Reuters-ի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կպահպանի իշխանությունն առնվազն մինչև հաջորդ ընտրությունները: Դրանից հետո պետության ղեկավարի պաշտոնը կստանձնի այլ թեկնածու, իսկ Ասադի և նրա ընտանիքի անվտանգությունը կերաշխավորվի:

Գործարքը մշակման փուլում է, այն դեռ պետք է համաձայնեցվի Սիրիայի իշխանությունների, ապստամբների, Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ հետ, ասել է աղբյուրը, որը ծանոթ է ՌԴ դիրքորոշմանը: Այդ գործարքը թույլ կտա ինքնավարություններ ստեղծել Ասադի կողմից վերահսկվող դաշնային կառույցի շրջանակում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի Զինված ուժերը «Եփրատի վահանը» ռազմական գործողության շրջանակում լրացուցիչ ուժեր են տեղափոխում Սիրիա, այդ թվում հատուկ նշանակության ստորաբաժանումներ:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: