AM
11 Հունվար 2017 - 07:38 AMT

Մադուրոն հայտարարել է Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձի մասին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ընդդիմադիր խորհրդարանին պետական հեղաշրջման փորձի մեջ:

Հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ Վենեսուելայի խորհրդարանը պաշտոնաթող է հայտարարել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: 106 խորհրդարանական համարել է, որ Մադուրոն պատշաճ կերպով չի կատարում իր պարտականությունները:

«Որպես նախագահ, ես խնդրում եմ պետական իշխանություններին անպատիժ չթողնել սահմանադրության խախտումներն ու օրինական կարգի հանդեպ անհարգալից վերաբերմունքը, ազգային ժողովը խռովարար հռչկագիր է ընդունել»,-հայտարարել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում:

Վենեսուելայի նախագահը նաև ընդունել է երկրի այսպես կոչված հակախռովարար ազգային հրամանատրության անդամների հավատարմության երդումը, որը, նրա կարծիքով, ստեղծվել է խաղաղության և ինքնիշխանության հաստատման համար: Կառույցը գլխավորում է փոխնախագահ Թարեկ Էլ Այսամին:

«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր ընտանիքների և հասարակության խաղաղ և հանգիստ կյանքի իրավունքը»,-ասել է Մադուրոն:

Ավելի վաղ Վենեսուելայի Գերագույն դատարանը ոչ սահմանադրական էր համարել խորհրդարանի ընդդիմադիր մեծամասնության որոշումը Մադուրոյի պաշտոնաթողության մասին: Գերագույն դատարանը նշել էր նաև, որ օրենսդիր մարմինը լիազորություն չունի նման որոշում ընդունելու:

Ընդդիմադիր խորհրդարանը սկսել է աշխատանքը մեկ տարի առաջ` ճգնաժամ առաջացնելով երկրում: Մադուրոն մեղադրել է իր հակառակորդներին «խորհրդարանական հեղաշրջման» փորձի մեջ, իսկ խորհրդարանն ի պատասխան հայտարարել է, որ նախագահը խախտում է երկրի սահմանադրությունը: