AM
11 Հունվար 2017 - 08:34 AMT

Չավուշօղլու. Թուրքիան կողմ է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Մևլութ Չավուշօղլուի և Միխայիլ Ջանելիձեի հանդիպումը: Հանդիպման ավարտին թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան սատարում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացին:

«Մենք նաև կողմ ենք ԵՄ և Վրաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ պայմանավորվածությունների շուտափույթ իրականացմանը»,-հավելել է Չավուշօղլուն, գրում է «Գրուզիա Online»-ը:

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև շեշտել է, որ 2017-ին կսկսի գործել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:

Ավելի վաղ Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն հայտարարել էր, որ այդ տարածաշրջանը չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի համար: Ըստ նրա, ՆԱՏՕ-ն առնձնահատուկ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, ինչն անդրադառնում է Հարավային Կովկասի վրա, քանի որ վրացական ծրագրերն ունեն նաև տարածաշրջանային ասպեկտներ, որոնք հնարավորություն են տալիս նրա հարևան երկրներին, օրինակ, Հայաստանին, ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ զորավարժությունների մասնակցել Վրաստանում: