Թուրքիայի ՌՕՈւ օդաչուն, որը 2015-ի նոյեմբերին խոցել էր Սու-24 ռուսական ռմբակոծիչը, կապեր չի ունեցել ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսական Սու-24-ը խոցվել էր թուրքական ՌՕՈւ կողմից Սիրիայի երկնքում 2015-ի նոյեմբերի 24-ին: Ռուսական ռմբակոծիչը ոչնչացվել էր առանց օդային տարածքը խախտելու մասին զգուշացման: Ռուսական կողմը պնդում էր, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը և ներողություն էր պահանջում թուրքական կողմից:
«Ես հրահանգել էի սպառնալիքներին արձագանքման կանոնները կիրառել օդային տարածքի ցանկացած խախտման դեպքում, ում կողմից էլ դա լինի: Այդ հրահանգն ուղղված չէր կոնկրետ ՌԴ դեմ: Ինչ վերաբերում է օդաչուի հնարավոր կապին Գյուլենի FETO կազմակերպության հետ, ապա անհնար էր կանխատեսել, թե հատկապես ով է կատարելու կարգադրությունը: Գլխավոր շտաբի պետն ասաց ինձ, որ ռազմական գերատեսչությունը հետաքննություն է անցկացրել և պարզել է, որ օդաչուն ոչ մի կապ չի ունեցել այդ կազմակերպության հետ»,-ասել է Դավութօղլուն խորհրդարանի հանձնաժողովի հարցմանն ի պատասխան, որը զբաղվում է միջադեպի հետաքննությամբ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ փոխել է կարծիքը Թուրքիայում խոցված ռուսական Սու-24-ի մասին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից հետո: «Ես թերահավատորեն էի վերաբերվում այն թեզին, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է առանց բարձրագույն ղեկավարության հրամանի: Բայց հիմա տեսնում եմ, որ ամեն ինչ հնարավոր է: Ապակառուցողական տարրերը ներթափանցել են Թուրքիայի իշխանության և ուժային կառույցների ամենաբարձր շարքերը»,-ասել է Պուտինը:






