Հայաստանի իշխանությունները չեն կարողացել վստահության արժանի պատասխանատվության ենթարկել այն իրավապահներին, որոնք պատասխանատու են 2016թ. հուլիսին խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառման համար:
Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության 2017թ. զեկույցում:
«Ոստիկանության բռնության համար պատասխանատվությունը կարևոր է հանրային վստահություն ձևավորելու տեսանկյունից, այն դեպքում, երբ Հայաստանում շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը չի լսում իրենց մտահոգությունները»,- ասել է կազմակերպության Հարավային Կովկասի ղեկավար Գիորգի Գոգիան, գրում է Aravot.am-ը:
Զեկույցում նշվում է, որ 2016թ. հուլիսին Էրեբունու ՊՊԾ գնդի գրավումից հետո սկսված ցույցերի ժամանակ իշխանությունները անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների հանդեպ և վիրավորել ցույցը լուսաբանող լրագրողների:
Իշխանությունները կամայականորեն ձերբակալել են խաղաղ ցույցի տասնյակ մասնակիցների և նրանց առաջնորդներին՝ նրանց դեմ ներկայացնելով չարդարացված քրեական մեղադրանքներ, իսկ նրանց մի մասին զրկելով ձերբակալվածների հիմնարար իրավունքներից:
«6 ամիս անց մենք դեռ սպասում ենք, որ Երևանում հուլիսին տեղի ունեցած ցույցերի ընթացքում իրավախախտումները գտնեն իրենց պատասխանատուներին»,- հավելել է Գոգիան:
Բացի այդ, Human Rights Watch-ը մարդու իրավունքների լուրջ խախտումներ է գրանցել նաև Հայաստանի այլ, այդ թվում ընտանեկան բնության, սեռական կողմնորոշման և գենդերային խտրականության վրա հիմնված բռնության և այլ ոլորտներում:
Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ: Աշոտ Կարապետյանը եղել է դեպքի վայրում ու ոստիկանների գործողությունը համակարգողներից էր:






