AM
13 Հունվար 2017 - 07:34 AMT

Ռուսական Տու-154-ի կործանման զոհերից 70-ի ինքնությունը հաստատվել է

ԴՆԹ փորձաքննության մասնագետները հաստատել են Սև ծովում ՌԴ ՊՆ Տու-154 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածներից 70-ի ինքնությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը դատաբժշկական փորձաքննության բյուրոյում իր աղբյուրների վրա հղումով:

Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող Ту-154 օդանավը, որը Սոչիից ուղևորվելիս է եղել դեպի Սիրիա, անհետացել էր ռադարների տեսադաշտից և ընկել Սև ծովը։ Օդանավը անհետացել է անմիջապես թռիչքից հետո։ Օդանավում եղել է 92 մարդ՝ 83-ը ուղևոր, որոնք հիմնականում ՌԴ ՊՆ աշխատակիցներ են եղել, ինչպես նաև արտիստներ, որոնք մեկնում էին Սիրիայի ավիաբազա՝ շնորհավորելու ՌԴ զինված ուժերի Ամանորը։ Բացի այդ, կործանված օդանավում եղել է նաև ինը ԶԼՄ ներկայացուցիչ։

«Այսօրվա դրությամբ հաստատվել է զոհվածներից ավեի քան 70-ին ինքնությունը, որոնց հարազատներին ներկայացվել են փորձաքննության արդյունքները»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, նույնականացման գործողությունները շարունակվում են:

Ինքնությունը հաստատվածների թվում են նաև Ելիզավետա Գլինկան (բժիշկ Լիզան), Ալեքսանդրովի անվան համույթի գեղարվեստական ղեկավար Վալերի Խալիլովը, անձնակազմի 10 անդամը, ԶԼՄ-ների 9 ներկայացուցիչ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ փորձագետները բացառել են ահաբեկչության վարկածը Սոչիում վթարված Տու-154-ի կործանման գործում, գրում է «Կոմերսանտը» սեփական աղբյուրի վրա հղումով:Անմիջապես կործանումից հետո ռազմական քննիչները բեկորների, ուղևորների մասունքների և նրանց անձնական իրերի, ինչպես նաև բեռի մի շարք փորձաքննություններ էին նշանակել: