AM
13 Հունվար 2017 - 08:23 AMT

Մի շարք թուրք դիվանագետներ ու ՆԱՏՕ-ի սպաներ քաղաքական ապաստան են խնդրել Նորվեգիայից

Մի շարք թուրք դիվանագետներ ու ՆԱՏՕ-ի սպաներ քաղաքական ապաստան են խնդրել Նորվեգիայից, քանի որ մտավախություն ունեն, որ հայրենիք վերադառնալով բանտում կհայտնվեն կամ բռնության կենթարկվեն, գրում է ՌԻԱ Նովոստին նորվեգական VG վրա հղումով:

Սպաներն աշխատում էին Նորվեգիայում մինչև 2016-ի աշունը, սակայն Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո հրաժարվել են Թուրքիա վերադառնալ: Սպաները ժխտում են իրենց մասնակցությունը հեղաշրջման փորձին, բայց վախենում են սեփական անվտանգության համար:

«Այսօր անհնար է վերադառնալ: Ինձ ազատել են աշխատանքից Նորվեգիայում, իմ անձնագիրը չեղարկված է: Եթե ես վերադառնամ, ինձ անմիջապես կձերբակալեն, խոշտանգումների կենթարկեն` ստիպելու համար կեղծ ցուցմունքներ տալ»,-ասել է թուրքերից մեկը:

Նշվում է, որ սա բավականին նուրբ հարց է, քանի որ Նորվեգիան և Թուրքիան դաշնակիցներ են ՆԱՏՕ-ում:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի:

Հեղաշրջման անհաջող փորձին հաջորդեցին զանգվածային ձերբակալությունները, որոնք շարունակվում են մինչ օրս: