AM
23 Հունվար 2017 - 12:09 AMT

ՊԵԿ-ը՝ Փաշինյանին. 2016-ին 48 ընկերություն և անհատ Հայաստան բանան է ներկրել

Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում», հստակեցնում է, որ Հայաստանում բանանի մենաշնորհի խնդիր չկա:

ՊԵԿ-ի տվյալներով՝ 2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ:

«Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, և եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում՝ համատեղ քննելու դրանք և ներկայացնելու հանրությանը», – նշված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Ընդգծվում է, որ կոմիտեն բաց է ցանկացած համագործակցության համար ու շարունակելու է հետևել բանանի և այլ ապրանքների ներկրման գործընթացի բնականոն պայմանների պահպանմանն ու կանխել ի հայտ եկած խոչընդոտները:

Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի համագումարում հայտարարել էր, որ եթե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին չորս-հինգ ամիս չի կարողացել լուծել բանանի մենաշնորհի խնդիրը, ապա «Ելք» դաշինքին դրա համար անհրաժեշտ է լինելու ընդամենը 47 րոպե: