Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում անցկացված քվեարկությամբ մերժվել է Թուրքիայի վերաբերյալ հատուկ նիստ գումարելու առաջարկը:
Թուրքական Hürriyet թերթին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ 181 պատգամավորի մասնակցությամբ անցկացված քվեարկության ընթացքում 94 պատգամավոր կողմ է քվեարկել, 68 պատգամավոր՝ դեմ, ևս 19-ը ձեռնպահ է մնացել: Առաջարկի հաստատման համար անհրաժեշտ էր, որ կողմ քվեարկի պատգամավորների 2/3-ը: Այսպիսով, Թուրքիան ժամանակավորապես ազատվեց կրկին մոնիտորինգի ենթարկվելու հեռանկարից:
Աղբյուրի հավաստմամբ՝ «Թուրքիայի ժողովրդավարական կառույցների գործունեությունը» խորագրով հատուկ նիստի չեղարկումը հնարավոր դարձավ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ակտիվ ջանքերի շնորհիվ:
Թուրքիան ԵԽԽՎ-ում ներկայացնում է 18 պատգամավոր, որոնցից 11-ը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչներ են, իսկ մյուսները՝ երեք առաջատար ընդդիմադիր կուսակցություններից: Սակայն, հայտնի է, որ առաջիկա ամիսների ընթացքում այս թեման ԵԽԽՎ-ում կրկին կարող է օրակարգ բերվել:
ԵԽԽՎ քաղաքական հարցերի և մոնիտորինգի հանձնաժողովները դեռևս 2016թ. դեկտեմբերի 15-ին դիմում էին ներկայացրել՝ 2017թ. հունվարի 23-27-ին Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ լիագումար նիստում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները որպես «հապշտապ օրակարգային թեմա» քննարկելու առաջարկով:
Եթե այս առաջարկն ընդունվեր, Թուրքիայի վերաբերյալ նիստում քննարկման էր դրվելու «Եվրաինտեգրման գործընթացից բխող պարտականությունների չկատարման համար» 1996-2004թթ. Թուրքիայում կիրառված մոնիտորինգի գործընթացի վերսկսմանհարցը:
ԵԽԽՎ-ում մոնիտորինգի գործընթացը գործարկվել է 1993թ. և նպատակ ունի եվրաինտեգրման ճանապարհն ընտրած երկրներում հեշտացնելու անցումը արևմտյան ժողովրդավարական չափանիշներին: Ներկայումս ԵԽԽՎ մոնիտորինգ է իրականացնում Ալբանիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:
Կարդացեք նաև՝Ելույթ ԵԽԽՎ-ում. Դինքի սպանությունից 10 տարի անց էլ Թուրքիան շարունակում է լռեցնել մարդկանց






