AM
24 Հունվար 2017 - 09:15 AMT

Զեկույց. Թուրքիայի արևելքում մարդու իրավունքների ավելի քան 46.000 խախտում է գրանցվել 1 տարում

Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) 2016-ի համար հրապարակել է երկրի արևելյան և հարավարևելյան շրջաններում գրանցված մարդու իրավունքների խախտումների մասին զեկույցը:

Կառույցի Դիարբեքիրի մասնաճյուղի զեկույցը ցույց է տալիս, որ նշյալ շրջաններում 2016-ին խախտումները կտրուկ աճել են` հասնելով 46.292-ի դեպքի, Demokrathaber.org-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Դիարբեքիրի մասնաճյուղի ղեկավար Ռաջի Բիլիջին հայտնել է, որ խախտումները պայմանավորված են եղել շրջաններում տեղի ունեցող բախումներով (քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև) ու արտակարգ դրության շրջանակներում պետության կողմից իրականացվող գործողություններով:

Ըստ զեկույցի` տարվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է 1757 հոգի, որից 456-ը` անվտանգության ուժերի ներկայացուցիչ, 816-ը` PKK-ի (Քրդստանի բանվորական կուսակցություն-ՔԲԿ) անդամ, 451-ը` քաղաքացիական բնակիչ: ՔԲԿ-ի կողմից իրականացված ակտերի արդյունքում զոհվել է 116 քաղաքացիական անձ: Նշվում է, որ 2016-ին ձերբակալվել է 6860 մարդ, որից 150-ը երեխա է եղել: 216 մարդ կալանավայրում կտտանքների է ենթարկվել:

Զեկույցում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահների ու մյուս 9 պատգամավորի ձերբակալությունը, ինչպես նաև քրդական «Տարածաշրջանների դեմոկրատական կուսակցության» (DBP-ՏԴԿ) ներկայացուցիչների ղեկավարած համայնքների վրա պետական կառավարիչ նշանակելը որակվել է որպես ընտրողների իրավունքների խախտում: