Թուրքիան Ռուսաստանի հետ քննարկում է S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու հարցը: Թուրքական Milliyet թերթի կայքին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ այս թեման օրակարգային էր դարձել նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի ստամբուլյան հանդիպման ժամանակ:
Այդ ժամանակ կողմերը համաձայնություն էին ձեռք բերել երկու երկրների միջև ռազմական արդյունաբերության ոլորտում գործակցել:
Աղբյուրը նշում է, որ եթե S-400 համակարգերի վաճառքի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ապա դրանից հետո Ռուսաստանը և Թուրքիան կգործակցեն պաշտպանական նոր համակարգի մշակման գործում:
Նշվում է նաև, որ Ռուսաստանը դրական է տրամադրված Թուրքիային S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր վաճառելու հարցում: Սակայն ներկայումս ռուսական բանակը դեռևս լիովին ապահովված չէ այդ համակարգերով: Ուստի սեփական բանակը զինելու խնդիրը, բնականաբար, առաջնային է Ռուսաստանի համար:
Մյուս կողմից էլ Թուրքիան շահագրգռված է հնարավորինս արագ համաձայնության գալ հակաօդային պաշտպանության նշյալ համակարգերի ձեռքբերման շուրջ:
Թուրքիան ավելի վաղ այս խնդրի վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև Չինաստանի և Հնդկաստանի հետ:






