Դիարբեքիրի դատարանում ձերբակալվել է Ժողովրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված պատգամավոր, այդ քաղաքի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Ըստ թուրքական Cumhuriyet-ի, Բայդեմիրը անցնում էր «Քրդստանի համայնքների միության» գործով, որի դատավարության ընթացքում էլ ձերբակալվել է, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Բայդեմիրը համարվում է հայերի բարեկամը, քանի որ լինելով Դիարբեքիրի քաղաքապետը ներողություն է խնդրել հայերից ցեղասպանության համար: Նա է նախաձեռնել և ակտիվ աջակցել հայկական Սբ Կիրակոս եկեղեցու վերանորոգմանը: Նրա անձնական կարգադրությամբ Դիարբեքիրի մուտքի մոտ տեղադրվել էին հայերեն «Բարի գալուստ հայրենի քաղաք» գրությամբ վահանակն ու պաստառը:
Այդ ամենը դուր չէր գալիս Թուրքիայի իշխանություններին: Հարաբերությունները էլ ավելի վատթարացան, երբ Դիարբեքիրի քաղաքապետը կոչ արեց Անկարային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապաշխարհել ու «մաքրել խիղճը ծանր մեղքից»: Չնայած դրան Բայդեմիրը հետևողական էր իր գործողություններում: Նա կոչ է արել հայերին վերադառնալ իրենց հողերը, որտեղից նրանց նախնիները պարտադրված էին հեռանալ, իսկ Դիարբեքիր վերադառնալու դեպքում խոստացել էլ աջակցել նրանց ինտեգրմանը տեղի հասարակությանը:
Հակառակ Թուրքիայի կենտրոնական իշխանություններին` Բայդեմիրը Երևան էր այցելել հենց Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ներողություն էր խնդրել հայերից:
2016-ի նոյեմբերին Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) պատգամավորները հանդիպել էին ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ: ԺԴԿ-ի պատվիրակությունում եղել են մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը, ինչպես նաև՝ Ֆիլիզ Քերեսթեջիօղլուն և Օսման Բայդեմիրը: Նրանք կոչ էին արել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին շտապ արձագանքել Թուրքիայում տեղի ուենցող անօրինականություններին ու իրավախախտումների բազմաթիվ դեպքերին:






