Սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (ԺՄԿ) պատրաստել է Սիրիայի սահմանադրության իր տարբերակը և մտադիր է իր նախագիծը հանձնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Այդ մասին լրագրողներին է հայտարարել կուսակցության ներկայացուցիչ Հալեդ Իսսան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ժողովրդական միություն» կուսակցության ներկայացուցիչները կմասնակցեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը Սիրիայի ընդդիմության հետ, որը կայանալու է հունվարի 27-ին Մոսկվայում:
«Մենք պատրաստել ենք Սիրիայի սահմանադրության մեր սեփական նախագիծը»,-ասել է Իսսան:
Սիրիայի սահմանադրության նախագծում, որը ռուսական կողմն Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունների ժամանակ փոխանցել է զինյալ ընդդիմության ներկայացուցիչներին, առաջարկվում է պահպանել երկիրը որպես ունիտար պետություն քրդական ինքնավարությամբ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը Աստանայում բանակցությունների ավարտին հայտնել էր լրագրողներին, որ ռուսական պատվիրակությունը սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին է հանձնել երկրի Սահմանադրության նախագիծը, որը կազմել են ռուս փորձագետները:






